Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Քաղաքական սերնդափոխության ակնկալիքով

Քաղաքական սերնդափոխության ակնկալիքով
29.04.2013 | 17:36

Գաղտնիք չէ, որ անկախանալուց հետո Հայաստանն ստիպված եղավ զրոյից ժողովրդավարական երկիր կառուցել: Պետք է կերտվեր նոր հասարակություն, որը կգիտակցեր պետական սեփականության փոշիացման վտանգների բացասական հետևանքները: Մեր ավագ սերնդի բազմաթիվ ներկայացուցիչներ այդպես էլ չկարողացան համակերպվել ժողովրդավարական և շուկայական տնտեսության համընդհանուր պահանջների հետ` կերտելով սահմանադրորեն ժողովրդավարական, բայց փաստացի գրեթե ավտորիտար վարչակարգ: Իհարկե, չի կարելի ժխտել, որ վերջին տարիներին անհամեմատ առաջընթաց է նկատվում ժողովրդավարության կայացման հարցում, սակայն Հայաստանը դեռ շատ հեռու է առողջ ժողովրդավարական երկիր լինելուց, ինչն էլ հենց մեծապես խոչընդոտում է մեր պետության առաջընթացին: Ի տարբերություն նախորդ սերնդի, մեր սերունդն արդեն կրթվել է այլ կերպ. գիտակից երիտասարդության մի զգալի հատված կարողացել է ֆիլտրել և յուրացնել քաղաքականության վարման արդիական և արդեն փորձարկված արդյունավետ մեխանիզմները, որոնց պակասն այսօր Հայաստանում շատ է զգացվում: Այս ամենով հանդերձ այդ նույն երիտասարդները ստիպված են լքել Հայաստանը, քանզի «բնական» սերնդափոխություն, առավել ևս քաղաքական սերնդափոխություն, այդպես էլ տեղի չի ունենում, ուստի մենք` երիտասարդներս, ստիպված ենք կամ համակերպվել մեզ համար անընդունելի փտած և ճահճացած մթնոլորտի հետ, կամ ուղղակի թողնել հայրենիքը` մեր ներուժով հարստացնելով այլ երկրներին: Քաղաքական սերնդափոխության մասին խոսելն անգամ ագրեսիվ կերպով է ընկալվում շատ քաղաքական սուբյեկտների կողմից, ինչը պայմանավորված է վերջիններիս` մենաշնորհային դիրքն ամեն գնով պահելու ցանկությամբ: Այս ամենով հանդերձ կա նաև մեկ այլ արատավոր երևույթ` կուսակցական կարծրացած մտածելակերպի պահպանումը, ինչի պատճառով բազմաթիվ հայեր թշնամանում են միմյանց` նեղ կուսակցական շահերը վեր դասելով պետական և ազգային շահերից: Երիտասարդ կուսակցականներն ավելի շատ նմանվում են աղանդավորների, քան քաղաքական առողջ ուժի, ովքեր այլ տարբերակ չունեն, այլապես կարժանանան կուսակցական էլիտայի ոչ բարյացակամ վերաբերմունքին: Արդեն ժամանակն է, որ մեր սերունդը կարողանա իրագործել քաղաքական սերնդափոխություն. պետք է նկատել, որ պետական մարմիններում ներգրավված դրածո երիտասարդները ոչ մի կապ չունեն առողջ քաղաքական մթնոլորտի հետ, ուստի խոսքը պատրաստված, մրցունակ, գաղափարապես կայացած, պետականամետ մտածելակերպով սնված և սեփական դեմք ունեցող երիտասարդների մասին է, որոնց հիմնականում մերժում են քաղաքական սուբյեկտները, քանզի դիտվում են որպես մրցակից: Քաղաքական սերնդափոխության հիմքում պետք է լինեն հետևյալ գաղափարները.

. առողջ քաղաքական մրցակցություն,
. ոչ կուսակցական ձևաչափով համագործակցություն,
. պետականամետ մտածողություն,
. միասնականություն,
. երիտասարդ ներուժի համախմբում:
Ժամանակն է, որ մենք` երիտասարդներս, ոչ միայն պահանջենք, այլ նաև ակտիվ գործենք:


Անինա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
hartak.am-ի գլխավոր խմբագիր

Դիտվել է՝ 794

Մեկնաբանություններ